Դուք մեր Սուրբ Եկեղեցով մտահոգ չեք, իբրև ձեր Մայր Եկեղեցու, այլ փորձում եք սևացնել, թուլացնել և իբրև ժամկետ ձեր առջև դրել եք 2026թ․ ընտրությունները «Ասում ենք, ասում ենք, ասում ենք․․․»․ ի՞նչ եք ասում, մինչ օրս Ամենայն Հայոց Հայրապետին դիմելու ձև ու պահվածք չունեք, ինչ էլ ցանկանում եք ասել, ձեր իրական ցանկությունը երևում է ձեր ճղճիմ հրապարակումների տակ տեղ գտած ձեր ֆեյքերի ֆաբրիկայի քոմենթներից։
«Եկեղեցին պիտի հարկվի․․․»․ բազմիցս ասվել է, որ եկեղեցին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում է։
Աստծո տունը ոչ ոք չուլանի չի վերածել, ձեր հրապարակած տեսանյութը Պայծառակերպության տոնի նախորդ օրվա է․ ըստ ձեզ, եթե ճիշտ է, և մտահոգ եք, «զավա՛կ եկեղեցու», ինչո՞ւ չհրապարակեցիք հենց նկարահանման օրը։ Կամ՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի մոտենալ ինձ և մտահոգությունդ հայտնել, թե՞ թեժ մնալու համար ցանկացաք Ազգընտիր Հայրապետիս 74-րդ տարեդարձին հրապարակել։
Այն, ինչ նկարահանել եք, անգամ այստեղ եք մանիպուլացնում կամ չեք հասկանում, որ տարբերակեք եկեղեցին գավիթից։
Այս գավիթում առկա է վեց մոմակալ, իսկ ինչո՞ւ կադրերում մյուսները չկան․ վստահ եմ՝ աշխատակցուհու աշխատանքի ընթացքում եք նկարահանել, և քանի որ մյուսները մաքուր էին, ձեր կողմից պատրաստվող նյութը արժեք չէր ունենա։
Ձեր գործերից հստակ երևում է, որ դուք եկեղեցով մտահոգ չեք, իբրև ձեր Մայր Եկեղեցու, այլ փորձում եք սևացնել, թուլացնել և իբրև ժամկետ ձեր առջև դրել եք 2026թ․ ընտրությունները։
Շատ լավ գիտեք՝ ամեն մի մոմի վաճառքից և ազնիվ բարերարների (որոնց կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի իշխանություններն են ձերբակալում) նվիրատվությամբ են պահպանվում եկեղեցիներն ու վանքերը։
Ձեր խնամքի տակ գտնվող վանքերով ու եկեղեցիներով անցեք ու նկարահանեք և կտեսնեք ձեր իրական պատկերը։
Փառք ենք տալիս Աստծուն, որ ՀՀ հպարտ քաղաքացիների հերոս հարկատուների հաշվին չենք գոյատևում, ինչպես այդ հերոս հարկատուների տված հարկով վայելում եք կյանքը դուք և ձեր մերձավորները։
Չգիտեմ՝ «արա»-ով ում եք դիմում, դե, դուք ձեզ հետ եք խոսում, այդ պատճառով չեմ պատասխանում, բայց եթե օրվա մի մասը ՀՀ Ազգային ժողովի նախագահ եք, մի մասն էլ՝ փողոցի տղա, հստակեցրեք, որ շփման մեջ ձեզ դիմելու ձևը հստակեցնենք մեզ համար։
Տավուշի ձեր մատնանշած «մի եկեղեցին» Ոսկեպարի 7-րդ դարի Սբ․ Աստվածածին եկեղեցին է, որի մուտքից հարավ, ընդամենը 15 քայլ այն կողմ, կանգնած է ձեր սիրելի Ադրբեջանի զինվորը, սակայն, այդ ամենով հանդերձ, եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, և մեր ժողովրդին հաղորդակից ենք դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Իսկ եկեղեցու հանդեպ այդ անուղղակի խոսքը՝ «Տավուշի մի եկեղեցի», ոչինչ է ձեր իշխանության կողմից հարյուրավոր վանքեր և սրբատեղիներ կորցնելուց հետո։
Սուրբ Մատթեոս Ավետարանչի 21:13․ «Գրված է․ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն դարձրեցիք ավազակների որջ»։ Այո, թող ների Աստված, եթե 26.07.2025թ․-ին այստեղ եղել եք շատ անձանցով և մեր աչքից աննկատ։
Իսկ եթե ձեր բուն գործառույթներին անդրադառնանք, երբ գրեթե մեկ ամիս առաջ եք եկել Հաղարծին վանք, ապա չտեսա՞ք այն ճանապարհների վիճակը, որը հարկատուների հաշվին պիտի վերանորոգվի կամ վերակառուցվի, բայց ոչինչ չի արվում, թե՞ ձեր մեքենաները այդպիսի փոսերը չեն «նկատում»։
Հստակեցրեք ձեզ համար՝ ով եք․ եթե իրոք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եք, ինչպես որ ասում եք, մոտեցեք, խոստովանվեք և ապաշխարեք։
Հաղարծին վանքի հոգևոր հովիվ,,
արժանապատիվ Տեր Արտակ քահանա ՄԻՐԶՈՅԱՆ